ՙԻսկ ՙնրա՞՚ համար: Ինձ դեռ չասացիք, Բարեկա′մս, ինչպե՞ս մտածել ՙնրա՚ մասին և ինչպե՞ս աղոթել ՙնրա՚ համար՚:
Իմաստունը չէր պատասխանում: Չէի հասկանում, թե ինչո՞ւ էր հարցս անպատասխան թողնում: Ինձ խոսում էր ՙուրիշներ՚-ի մասին, հետո` իմ ճանապարհի աղջիկների մասին: Իսկ ՙնա՞՚: Նա` ում սպասում էի: Չէ՞ որ արդեն իսկ հարկավոր էր մտածել
ՙնրա՚ մասին:
Մտախոհ էր: Կարծես վարանում էր:
Հանկարծ ոտքի կանգնեց: Ես նրան հայացքով հետևում էի: Մոտեցավ մի մեծ պահարանի, որն հաճախ էի դիտել, քանի որ շատ գեղեցիկ էր: Ձեռագործ հրաշալի աշխատանք, որն ինձ հիշեցնում էր մի ժամանակվա վարպետների հմտությունը:
ՙՊապիկիս ծնողների պահարանն է՚, ասաց մի փոքր պարծանքով:
Բացեց այն: Մի քանի րոպե փնտրեց, ապա վերադարձավ` երկու ձեռքով զգուշորեն ու խնամքով փայտյա մի փոքրիկ տուփ բռնած, որը նույնպես պետք է որ բավական տարիք ունենար: Միջից թղթի մի տրցակ հանեց և զգուշությամբ արձակեց թելը, որով այդ թղթերը կապված էին:
Մինչ փնտրում էր այդ թղթերի մեջ, ասաց. ՙԵս ել եմ շատ ջանք գոծադրել` բացահայտելու համար իմ ճանապարհը: Բազմաթիվ խոչընդոտների եմ բախվել, ճանապարհներում, որոնք ելք չունեին և ոչ մի տեղ չէին տանում...՚: Կրկին երկմտեց, ապա նախադասությունն ավարտեց գրեթե անլսելի ձայնով. ՙ... Ես էլ հաճախ խոցել եմ ուրիշների, խոցելով նաև ինքս ինձ: Սրա համար է, որ կարծում եմ, թե հասկանում եմ քեզ և շա՛տ կուզենայի օգտակար լինել քեզ՚:
Ապա հառաչեց ու ավելացրեց. ՙԵրբ վատ ենք սիրում, միմյանց փոխադարձաբար մեծ վնաս ենք հասցնում ու ցավ պատճառում...՚:
Մի պահ լռություն տիրեց: Կարճատև այդ ժամանակն ինձ բավական էր ուրախանալու համար, լսելով Իմաստունի այդ խոստովանությւոնը: Ո′չ թե ուրախացա, որովհետև նա էլ էր տկար գտնվել - և թերևս դեռ այդպիսին էր -, այլ որովհետև ի վերջո պատասխան էի գտել մշտապես վերադարձող ու խոցող առարկություններիս, երբ լսելով, թե Իմաստունն ինչպես էր գեղեցիկ արտահայտություններով խոսում սիրո մասին, ինքս ինձ ասում էի. ՙԵթե իմանար, թե ի′նչ է նշանակում փնտրել, ընկնել, չէր խոսի այնպես, ինչպես հիմա է խոսում՚, բայց չէի համարձակվում նույնն իրեն ասել:
Նա, ուրեմն, գիտեր: Եվ նրա խոսքերն հանկարծակիորեն մի արտասովոր արժեք էին ստանում: Հարուստ էին կյանքով:
Բարեկամս մեծ խնամքով փակել էր տուփը: Այժմ իր ձեռքում ծալված մի թուղթ էր բռնել: Բացեց այն: Եվ սպասում էի, որ բարձրաձայն կարդա գրությւոնը, մինչ հայացքն անձայն սահեցնում էր տողերի վրայով: Նա, մինչդեռ, հանկարծ ծալեց թուղթն ու այն դեպի ինձ պարզեց: Նկատեցի, որ հուզված էր:
ՙԴե', սիրելիս, վերցրո'ւ՚: Վարանում էի: Մի ակնթարթում դաչձել էի երկչոտ, քանի որ զգում էի, որ Իմաստունն այդպիսով իմ առաջ բացում էի իր ներաշխարհի դռները:
ՙՎերցրո'ւ՚, կրկնեց: ՙԵս էլ եմ վախեցել բաց թողնել Հանդիպման առիթը: Եվ պայքարի երեկոներից մեկում էր, որ ՙնրա՚ համար գրել եմ այս տողերը, որպեսզի ինքս ինձ օգնեմ աղոթելու: Իմ խոսքերն են: Դրանք քեզ փոխ եմ տալիս: Դրանք քեզ նվիրում եմ: Բայց շուտով մոռացիր դրանք, որպեսզի փոխարինես դրանք քո սեփական խոսքերով: Նման այն բանին, որ կատարվում է երգչախմբում. ով ծանոթ է երգին, սկսում է առաջին տողը, որպեսզի մյուսներն, ավելի վարանոտ, կարողանան շարունակել երգեցողությւոնը՚:
Ուշ էր արդեն, բայց հազիվ տուն հասա, կարդացի.
ՙԻմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
դու շնչում ես ու ապրում,
ես չգիտեմ, թե որտե'ղ,
ինձնից հեռու, կամ թերևս ինձ մոտիկ...:
Դիմագծերիդ շնորհալիությունը ես չեմ ճանաչում,
ո'չ էլ մատների ու թելերի մասին, որոնք հյուսել են քո կյանքը,
ես ոչինչ չեմ իմանա, մինչև չսովորեմ քեզնից
ոստայններն ու հանգույցները, որոնք ծնունդ են տվել կտավին:
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
կուզենայի, որ այս երեկո դու մտածեիր իմ մասին, ինչպես ես եմ մտածում քո մասին, ո'չ թե ոսկեզօծ երազներում, պատկերներով, որոնք ես չեմ կարող լինել,
այլ երկարաձիգ գիշերվա մեջ,,,,, որին քո անհամբեր սիրտն ընդունում է,
քանի որ ես էլ գոյությւոն ունեմ և ԻՐԱԿԱՆ եմ,
և դու չես կարող հորինել ինձ, առանց ինձ կերպարանափոխելու:
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
ես քեզ սիրում եմ նաև առանց դեմքի:
Քո համար, իմ ամբողջ ուժով այժմ ուզում եմ հարստանալ,
որպեսզի հետո կարողանամ քեզ հարստացնել:
Եվ շարունակաբար կվարժվեմ տալու` վերցնելուց խուսափելով,
որովհետև երբ դու կհայտնվես, աչքերիս համար հմայիչ,
ես չեմ ուզում հափշտակել քեզ, վրա հասնող գողի նման,
այլ ընդունել քեզ, որպես պարգևված մի գանձ,
որովհետև գանձը կլինես ԴՈՒ, և կնվիրվես ինքնակամ:
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
վաղն ինձ կներես, ...
երբ վստահությամբ գրկումս կամփոփվես,
երբ հայացքդ կնավարկի աչքերիս երկնքում,
մեկ առ մեկ այցելելով ամենահեռավոր ամպերն անգամ,
ինձ կներես, որ - ավա՛ղ - ճանաչում եմ սիրո վարմունքն ու արարքները.
դրնաք քեզնից չէ, որ սովորել եմ,
բայց այսօր, քո' համար, շա՛տ կուզենայի դրնաք սովորած չլինել,
որովհետև գիտեմ, թե որքա'ն գեղեցիկ կլիներ,
որ մենք երկուսով փնտրեինք և միասին գտնեինք
ձայների ճիշտ և հարուստ միավորումը, որոնք կնկերակցեին մեր կյանքի երգերին,
ուրախության երգերին և վշտակրության երգերին:
Իմ գեղեցիկ սեր, առայժմ անծանոթ,
այս երեկոյան աղոթում եմ քո համար, որովհետև դու գոյություն ունես,
և ես արդեն իսկ ուզում եմ քեզ հավատարիմ լինել,
որովհետև դու էլ ես տառապում, և թերևս իմ համար:
Ես ինձ նախապատրաստում եմ, դու նախապատրաստում ես քեզ,
և վաղն իմ ամբողջ ուժով, մաղթում եմ սա մեզ,
ես կլինեմ քեզ արև, իսկ դու կլինես իմ աղբյուրը,
ես քեզ կջերմացնեմ, իսկ դու կհագեցնես իմ ծարավը:
Կմիավորենք մեր մարմինները մի նոր կյանքի համար,
և աշխարհին կտանք այն, ինչի կարիքն իսկապես ունի.
մեր սիրո կշիռը, որն առանց մեզ` կպակասի նրան:
Սակայն իմ գեղեցիկ, բայց առայժմ անծանոթ սեր,
հարկավոր է տակավին սպասել,
և որքա՛ն ցավալի է գիշերային սպասումը սիրահարների, որոնք դիմագծեր չունեն:
Բայց ես գիտեմ, որ մեր երկու կյանքերն իրար են փնտրում և իրար կանչում,
և այժմ վստահ եմ, որ մեր գիշերային փափագների սրտում լույսի մեջ երգում է Աստծո փափագը"
Մեր երկնավոր Հոր հայացքն ուղղված է մեր վրա, իմ սեր, և ի հավիտենից - ես հավատում եմ դրան - Նա սիրում է մեզ, մեղմիկ շշնջալով.
ՙԵթե կամենում են, վաղը միասին ՄԵԿ կլինեն՚:
Իր հայրական երազանքն է, մեր որդիական որոշումը կլինի՚:
Խորապես հուզված էչ, և հասկանում էի Բարեկամիս զգացմունքները:
Աղոթքը շատ գեղեցիկ էր, բայց ես դեռ վարանում էի այն իմը դարձնել: Այնքա՛ն մտերի՞մ էի Իմաստունի հետ, որ ինձ թույլ տայի հագնել իր սրտի հագուստները: Իր մասին ոչինչ չգիտեի:
Արդյոք հանդիպե՞լ էր իր աղոթքի անծանոթուհուն: Ապրե՞լ էր սիրո մի գեղեցիկ պատմություն: Այս հարցերն ինքս ինձ ուղղելն անգամ անփափկանկատ էր թվում ինձ: Եվ ինչո՞ւ պիտի մտածեի այդ հարցերի շուրջ, երբ որոշել էի հարգել իմաստունի խորհուրդը:
Կսպասեի:
No comments:
Post a Comment