Saturday, October 15, 2011

ԾԱՆՈԹ ՀՈՏԸ

  Անուշադիր շտապում էի աշխատանքի, առանց ուշադրություն դարձնելու ոտքերիս տակ խշխշացող տերևներին: Հանկարծ ինչ-որ անսովոր զգացումով կանգ առա, մի քանի վարկյան չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում, ինչն էր պատճառը, այդ ինչ էր պատահել: Մի քանի վարկյան անց ինձ թվաց ծանոթ հոտ եմ զգում, բայց թե որտեղից էր գալիս այդ հոտը չէի կողմնորոշվում: Ուշադիր նայելով չորս բոլորս` տեսա գետնին թափված դեղին-կարմիր տերևները. հասկացա, դա աշնան հոտն էր: Այն լի էր տերևների խշշոցով, մրգերից ճկված ծառերի թույլ տնքոցով և այլ աղմուկով, որը սակայն չէր խանգարում ինձ լսել աշնան ձայնը: 
   Սթափվեցի ինձ պարուրած այդ հոտից և ձայնից, այո', ուշանում էի, շարունակեցի արագ քայլել, սակայն այս անգամ ուշադիր էի. ականջ էի դրել աշնան ձայնին, անհագորեն շնչում էի աշնան հոտը,այդքան ծանոթ հոտը:
   Աշխատանքից հետո տուն էի շտապում, մտովի վերհիշելով այն զգացումը, որ առավոտվանից պարուրել էր ինձ: Մտացիր նայում էի երթուղայինի պատուհանից: Հանկարծ ինչ-որ անսովոր զգացումից զգաստացա, մի քանի վարկյան չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում, ինչն էր պատճառը, այդ ինչ էր պատահել: Մի քանի վարկյան անց ինձ թվաց ծանոթ հոտ եմ զգում, բայց թե որտեղից էր գալիս այդ հոտը չէի կողմնորոշվում: Նայելով կողքիս նստած տատիկին, որ չէի էլ նկատել թե ինչպես էր նստել, հասկացա. դա ծերության հոտն էր, այն լի էր տարիների փոշով, ուրախությամբ և տխրությամբ: Հիշեցի, երբ տատս սեղմում էի ինձ կրծքին, այդ նույն հոտն էի զգում: Կարոտը խեղդում էր սիրտս, կարոտով մոտ նստել էի կողս նստած տատիկին, փակել էի աչքերս, ու հիշում էի թե ինչպես էր տատս ինձ գրկել ու ես այդ նույն հոտն էի զգում, այդքան ծանոթ հոտը: 
     Տուն հասնելով էլի հանգիստ չգտա, դեռ քիմքիս զգում էի ծերության հոտը միախառնված աշնան հոտին: Ինչքա~ն նման են երկուսն էլ իրար, ինչքա~ն նման են բուրում, մեկը բնության աշունն է, մեկը` կյանքի: