Sunday, July 22, 2012

Եթե


Եթե նոտան ասեր. ՙմի նոտայով երաժշտություն  չի գրվում ՚,
… ոչ մի նվագ գոյություն  չէր ունենա:
Եթե բառն ասեր. ՙՄի բառով միտք չի արտահայտվում՚,
… գրքերը գոյություն  չէին ունենա:
Եթե քարն ասեր. ՙՄի քարով պատ չի կառուցվում՚,
…տները գոյություն չէին ունենա:
Եթե ջրի կաթիլն ասեր. ՙՄի կաթիլով գետ չի վարարում՚,
…օվկիանոսը գոյություն չէր ունենա:
Եթե ցորենի հատիկն ասեր. ՙՄի հատիկով արտ չի ցանվում՚,
…հունձքը գոյություն չէր ունենա:
Եթե մարդն ասեր. ՙՍիրո մի արարքով մարդկությունը չի փրկվում՚,
… երկրի վրա գոյություն  չէին ունենա ո՜չ արդարություն, ո՜չ խաղաղություն, ո՜չ արժանապատվություն, ո՜չ երջանկություն…:

Կհարցնես, թե դու ի՞նչ կարող ես անել:
Քեզ ասում եմ. ՙՍիրի՜ր գործով և ճշմարտությամբ՚, որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթել տառապանքին, և սիրո կշիռը, որ դնում ես աշխարհի մեջ, նույնիսկ եթե արդյունքն ինքդ չես տեսնում, նոր արյուն է տալիս մարդկության արյունաքամ մարմնին:
Կրկին հարցնում ես. ՙԻսկ միուսնե՞րը՚:
Քեզ ասում եմ. ՙՆրանք էլ պետք է սիրեն՚:
ՙԻսկ եթե հրաժարվե՞ն՚, մտածում ես:
Ավելի շատ սիրիր, և քո շրջապատում գտնվողներն էլ կսիրեն: Քո նման, նրանք էլ են սպասում, որ իրենց կողքին կանգնած մի եղբայր դնի առաջին քարը: Իրենց քարն էլ կդնեն, եթե դու քոնը դնես, որովհետև ով սիրում է, սիրել է տալիս:
Ինչպես երաժշտությունը յուրաքանչյուր նոտայի կարիքն ունի,
Ինչպես գիրքը` յուրաքանչյուր բառի,
Ինչպես տունը` յուրաքանչյուր քարի,
Ինչպես օվկիանոսը` յուրաքանչյուր կաթիլի,
Ինչպես հունձքը` յուրաքանչյուր հատիկի,
Նմանապես մարդկությունը քո կարիքն ունի,
այնտեղ` ուր գտնվում ես,
միակդ,
ուստի` անփոխարինելիդ:

Ինչի՞ ես սպասում, գործի՜ անցիր:  

ՙԻսկ ինչպե՞ս կարող եմ իմանալ “անելիքս”՚, հարցնում ես:
ՙԱպրելով ու աճելով,
այնտեղ, ուր գտնվում ես,
այն պահին, որ ապրում ես,
այն մարդկանց հետ, որոնց հետ շփման մեջ ես…
… ինչպես ծառը՚:

Ծա՜ռ,
Ծա՛ռ գեղեցիկ և հաստատուն,
Մխրճի՜ր արմատներդ երկրի մեջ,
առանց արմատների և առանց հողի ապրելն անհնար է.
Խրի՜ր ճյուղերդ երկնքի մեջ,
     առանց ճյուղերի և առանց երկնքի գոյատևելն անհնար է,
և թող, որ երկրային արմատներդ
և երկնային արմատներդ
     ուտեն ու խմեն
     հումուսն ու ջուրը
     օդն ու արևը:

Ծա՜ռ, բարեկա՛մս, աճիր քո համար, իմ համար, բոլոր մարդկանց համար:
 Մենք քո կարիքն ունենք`
շնչելու և տաքանալու,
կառուցելու և կահավորելու,
սիրելու և քնելու,
ապրելու և մեռնելու համար:
Ծա՜ռ, աշխարհում միայնակ չես, բազմություն ես խիտ անտառում:
Քո եղբայրների հետ, ունկն դիր քաղաքի աղմուկներին, որոնց մեջ սակավ են ծիծաղները և առատ` ողբն ու լացը:
Քո տարածված ճյուղերով, որ նվիրում են, միշտ տրամադիր,
Ընդունի՜ր դեպի քեզ դիմող մարդկանց. Նրանք քեզ կբեղմնավորեն, դու նրանց կյանք կտաս,
Բայց դու ինքդ քեզ եղիր, և քեզնից հեռու վանիր այն գիշատիչներին, որոնք առանց քեզ հարգելու, ցանկանում են օգտագործել քեզ ըստ իրենց քմահաճույքի ու շահի:
Եթե լայնաբաց սիրտդ սահմանված է տանիք շնորհելու մի տան,
 մերժի՜ր կրակը, որը քո մարմնից ցանկանում է ջերմություն կորզել:
Եթե խոր անտառում, ստվերներիդ ներքո պետք է պաշտպանես երեխաների խաղը,
մի՜ փափագիր աշակերտի համար գրասեղան լինել, կամ ծերունու համար աթոռ:
Եթե մի օր քահանայի համար խորան պետք է լինես,
մի՜ տենչա ընտանիքի համար սեղան լինել, կամ անկողին` սիրահարների համար:
Ծա՜ռ, եղբա՛յրս,  
մխչճի՜ր արմատներդ երկրի մեջ,
իսկ ճյուղերդ` երկնքի,
Եղիր ա՜յն ծառը, որ պետք է լինես,
բայց ծառ` ուրիշների համար: 

Wednesday, July 11, 2012

Սերը գերազանցում է սիուն

       Սերը թռչնի ճախրանքն է անծայր կապույտի մեջ,
բայց նրա թռիչքն ավելին է`
քան մարմնեղեն մի փոքրիկ էակի սավառնելն օդում,
ավելին` քան նրա սիրահարված թևերը, քամուց փաղաքշված,
ավելին` քան անասելի ուրախությունը, երբ դադարում են
թևածումները և մարմինը հանդարտ ճախրում է լույսի մեջ:

       Սերը ջութակի մեղեդին է, որ երգում է աշխարհի երգը,
բայց ջութակի մեղեդին ավելին է`
քան փայտն ու աղեղը, անշարժ ու միայնակ, 
ավելին` քան երեկոյան զգոստերով նոտաները, որ պարում են ձայնաշարի վրա, 
և ավելին` քան երաժշտի մատները, որ սլացիկ սահում են լարերի վրայով:


       Սերը լույս է, մարդկանց ճանապարհների համար, 
բայց լույսը, որ տրվում է, ավելին է`
քան առավոտյան շոյանքը, որ բացում է քնաթաթախ աչքերը, 
ավելին` քան հրեղեն ճառագայթները, որ ջերմացնում են մարմինները, 
և ավելին` քան հազարավոր մետաքսյա վրձինները, որ գունազարդում են դեմքերը: 


        Սերն արծաթյա գետ է, որ հոսում է դեպի ծովը,
բայց կենդանի գետը, որ հապաղում է կմ աճապարում, 
ավելին է` քան իր հյուրընկալ հունը, տուփ` որ չի պահում, 
ավելին է` քան ջուրը, որ կարմրում է մայրամուտի հայացքի ներքո, 
և ավելին` քան գետեզերքին կանգնած մարդը, որ խայծ է նետում և դուրս քաշում նրա պտուղները:

        Սերն առագաստանավ է, որ ջրի վրա ճեղքում է ալիքները, 
բայց առագաստանավի ընթացքն ավելին է`
քան հրապուրված նավախելը, որ մխրճվում է ծովի մեջ, որ նվիրվում է կամ վիճում, 
ավելին` քան զեփյուռի շոյանքից կամ քամու ապտակներից թրթռացող առագաստները, 
ավելին` քան ղեկը պինդ սեղմող նավաստու ձեռքերը, 
մինչ անխոնջ հետապնդում է իր վայրի սիրուհուն:


... Սերը գերազանցում է սիրուն...

    Սերն անսահման ՇՈՒՆՉ է, որ գալիս է մի ուրիշ տեղից և գնում է մի ուրիշ տեղ:

     Սերը մարդու միտքն է, որ ճանաչում և ընդունում է ՇՈՒՆՉԸ,
մարդու ազատությունն է, որ անմնացորդ շրջվում է նրա կողմը:
     Սերը մարդու համաձայնույթունն է ՇՆՉԻՆ, որ հրավիրում է,
մարդու սիրտն է, որ բացվում է` Նրան ընդունելու և Նրան ուրիշներին ևս պարգևելու համար,
մարդու մարմինն է, որ ամփոփվում է, պատրաստակամ,
որպեսզի Նրա բնակավայրը դարձած, Նրանով համակված,
ճախրի դեպի ուրիշները,
դեպի ... ուրիշը,
և որպեսզի ի վերջո
այն, ինչը որ հեռու էր, վերամիավորվի ու կրկին ներդաշնակվի,
այն, ինչը որ բաժանված էր, դառնա մեկ
և Մեկից մի նոր կյանք բխի: 

ՍԵ՛Ր


Ո՟վ կարող է ապրել ու հասունանալ առանց սիրո: Ինչպիսի՟ աշխարհ կարելի է կառուցել սիրո բացակայությամբ: Մարդիկ այսօր այլևս չեն կամենում վտանգի ենթարկել իրենց կյանքը հանուն սիրո: Մի՟թե սրանում չի կայանում նրանց եղերական տկարությունը: Ոմանք պարզապես ընտրում են ՙփորձելու՚ տարբերակը... և քանի դեռ փորձում են, ճանապարհին արյունաքամ են լինում, մասնատվում, ցրվում, և աշխարհն էլ իրենց հետ, որովհետև այդպիսով պակասում է այն էական ուժը, ո՜րը միայն կարող է կենսալի պահել նրանց:  


ՙՍե՛ր,

               քաղցածի սնունդ,
               ծարավածի վճիտ ջուր,
               ընդարմացած մարդու արև,
               կյանքի անհրաժեշտ ավիշ:Սե՛ր,
              այս դաժան աշխարհի աղքատ մանկիկ,
              սեր, որին կասկածում են,
              սեր, որին ենթարկում են փորձարկումների,
              սեր, պայմանների բանտում գերի,
              սեր, սահմանափակ ժամանակով միայն:Ո՛վ ապերջանիկ աշխարհ, սիրով թերսնուցված,
              աշխարհ, որ ամեն կողմից ճաքճքում ու կտոր կտոր է լինում անջրդի հողի նման,                                           աշխարհ եղբայրների, որոնք թշնամիներ են դառնում,
               աշխարհ թշնամիների, որոնք շահագործում են իրար ու ոչնչացնում:
Ո՛վ ապերջանիկ մարդիկ,
                մորթազերծված,
                պատառոտված,
                տակնուվրա եղած,
                մարդիկ` սիրուց զրկված:
Մարդիկ, որ գիշերվա գույնով ներկված իրենց օրերը գործածում են
               փնտրելու,
                ստուգելու,
                կշռելու,
                թե սիրված եղե՟լ են,
               թե սիրվա՟ծ են,
               թե սիրված կլինե՟ն:
Մարդիկ, որ սիրո փշրանքներ են մուրում,
              որպեսզի գոյատևեն մինչև վաղը:
Մարդիկ, որ ջանում են լռեցնել իրենց ուղեղը, վայելել,
              և գիշերն անցկացնում են հաճույքի գրկում,
              մոռանալով, որ ուղեղներն անջատում են իրենց տագնապների վրա
              և վրան են խփում իրենց վախերի հողում:
Ո՛վ Սեր,
                երբ ես վերադարձվելու այս խենթ աշխարհին, որը կասկածի տակ է դնում քեզ
                       և քեզ չհավատալու պատճառով դանդաղորեն մեռնում է:
Աստվա'ծ իմ, վերստին պարգևիր ինձ սիրելու ուժը,
               որովհետև աշխարհը սպասում է և իմ կարիքն ունի:
Իսկ եթե դեռ չեմ      կարողանում հավատալ ուրշների սիրուն
              և  չեմ կարողանում բավականաչափ հավատալ Քո Հայրական Սիրուն,               գեթ տուր ինձ քաջությունը` կյանքս վտանգի ենթարկելու
               ուրիշների համար և ՙուրիշի՚ համար,
               որպեսզի իմ նման ուրիշներ իմ նման չտառապեն՚: 


Ասել մարդուն ես քեզ սիրում եմ, նշանակում է ասել նրան դու երբեք չես մեռնի
Գաբրիել Անրի Մարսել