Տղա, դու գիտես, որ սիրո անտառում, տանդ ետևում, դու հաճախ հմուտ որսագող ես,
և մեկից ավելի աղջիկներ են բռնվել բազուկներիդ ցանցում:
Բայց երբ շշմած ընկերներիդ առաջ հաղթական ցուցադրում ես որսիդ գեղեցիկ ձեռքբերումները,
իմացիր, որ դու ինձ "զզվանք" ես պատճառում, որովհետև ես վայրի որս չեմ քո քմահաճույքի համար,
և ինձ ստիպում ես հավատալ, որ շատ հաճախ դուք` տղաներդ սոսկ տխուր որսորդներ եք և ուրիշ ոչինչ:
Գիտեմ, որ դու ուժեղ ես, երբ ուզում ես տիրանալ նրան, ում ցանկանում ես,
առանց գոնե մի պահ մտածելու, որ վերցնելով նրան քո համար...
նա, որ քեզ հետևում է շուրթերով ու սրտով,
դու նրան գողանում ես մի ուրիշից, ով կարող էր քո ընկերը լինել
և ով, առանց այդ աղջկան ճանաչելու անգամ, երազում է, որ նա իրեն սպասի,
ինչպես անուշաբույր վարդն իր թփի վրա, և ոչ' թե ` արդեն քաղված:
Դու գիտես, թե որքան փափուկ է իմ սրտի փայտը, մատղաշ ծառերի ճյուղերի նման, երբ նոր- նոր բացվում է գարնանը:
Բայց դու, պարզապես անիմաստ զվարճանալու համար, քո անունը փորագրում ես իմ անվան կողքին, փխրուն կեղևի վրա,
չհասկանալով, որ դանակն ավելի խորն է թափանցում, քան որքան դու կարծում ես,
և իզուր քամում ավիշը վիրավոր սրտիս:
Տղա, բազմաթիվ անգամներ պետք է շտապեմ պաշտպանվել քեզնից,
իսկ երբեմն էլ` փակվեմ միջնաբերդում, իսկույն վեր բարձրացնելով իջեցված կամուրջները:
Որովհետև վախենում եմ վարմունքիցդ, իսկ է'լ ավելի` խոսքերիցդ.
խոսքեր, որոնք մի երեկո կարող են հաղթահարել բոլոր խոչընդոտները
և քեզ հասցնել այնտեղ, ուր ես չէի ուզում քեզ հանդիպել:
Դու ինձ ասում ես, որ հարկավոր է զվարճանալ, վայելել և գոհ լինել,
բայց սերը խաղ չէ, ես քո համար խաղալիք չեմ, ո'չ էլ դու ես ինձ համար խաղալիք:
Իսկ եթե հավատում եմ, այո', որ հաճույքն արգելված պտուղ չէ, միաժամանակ նաև գիտեմ, որ պտուղը, քաղելուց առաջ, պետք է հասունանա,
և որ չպետք է այն գողանաս ուրիշի այգուց,
նույնիսկ եթե հանցակից ընկերդ գիշերով այնտեղ է առաջնորդում քեզ:
Դու ինձ ասում ես - ցավոք շատերն են այդպես ասում -, որ հարկավոր է ամեն ինչ փորձել,
որ սերն հարկավոր է սովորել և որ պետք է մարզվենք:
Բայց ճիշտ չէ, որ աղջիկները կոշիկներ են ոտքերիդ համար,
որոնք կարող ես մեկը մյուսի ետևից փորձել, ծիծաղելով, մինչև որ կգտնես քեզ հաճելի ոճն ու հարմար համարը:
Իսկ մարմինս, տղա', դաշնամուրի սպիտակ ստեղնաշար չէ, որի վրա կարող ես հմտանալ, որպեսզի կյանքիդ մեղեդին հետո ուրիշի հետ եղանակես:
Դու ինձ ասում ես, որ գաղտնի սենյակներիս դռները քո առաջ բացելը
սիրո ամենամեծ ապացույցն է, որ կարող եմ քեզ տալ... - իրավացի ես, ընկերս -
ապա հանդիսավոր կերպով հայտարարում ես, թե սիրում ես ինձ,
և երդվում ես, թե ճշմարտացի են խոսքերը,
խնդրելով, որ սիրեմ քեզ, մինչ պահանջում ես բանալիները:
Բայց եթե դու իրոք սիրեիր ինձ, դեպի ինձ կմեկնեիր ձեռքդ,
խոհեմ ու ողջամիտ կերպով,
ձեռքդ, որն ինձ քնքշանքով գգվում է, փնտրելով իմ ձեռքը:
Եվ ես այն կպարզեի դեպի քեզ,
միասին կքայլեինք,
և մեր տրամադիր շուրթերն իրար հետ խոսքեր կփոխանակեին, կխոսեին քո, իմ, ուրիշների և այս վիթխարի աշխարհի մասին: Հիացած, կայցելեինք մեր կյանքի երկիրը,
և մեր երկու սրտերն համբերությամբ կմերկացներին իրենց բոլոր դիմակներից:
Եվ սա կանեինք շա
՛տ առաջ, քան այն օրը, երբ - գուցե կհասնենք այդ օրվան - ճանաչելով մեզ և միմյանց ընդունելով այնպես ինչպես որ իրականում կանք,
միասին կորոշենք միավորել մեր երկու կյանքերը:
Այդ ժամանակ, նախ Աստծո, իսկ հետո նաև մեր ընկերների առաջ այդ որոշումը հաստատելով ու վավերացնելով, կկարողանանք ի վերջո մերկացնել նաև մեր մարմինները, որպեսզի երկուսս դառնանք միայն մեկ,
և կարողանանք տալ մեզ Բերկրանքը, և կարողանանք տալ նրանց Որդին...:
Որքա
՛ն գեղեցիկ կլիներ: Այնպես չէ
՞:
...
Բայց դու, տղա, ինձ ասում ես ... դու ինձ շատ բաներ ես ասում ...
և կորցնում ես մեր ժամանակը, որովհետև ուրիշներն այդ են ասում:
Տե'ս, ավելի լավ կլիներ, որ պարզապես խոստովանեիր ինձ. "Քեզ շա՛տ եմ ուզում, որովհետև սիրտս ծարավ է, քաղցած մարմնիս մեջ...":
Եվ ես կհասկանայի քեզ, տղա, քանի որ ... ես էլ հաճախ ցանկանում եմ, որ դու գաս,
և փոթորկահույզ կամ մառախլապատ որոշ երեկոներ, պաշտպանական պատվարներս կիսափակ,
հայացքով գաղտնագողի հետևում եմ քեզ, սպասում եմ քեզ,
և դու կկարողանայիր մտնել իմ տուն և մեղրի ավարն առնել,
մինչև ես սրտումս բավականաչափ սեր չէի գտնի,
որն ինձ ուժ տար քեզ մերժելու:
Դու, այնուամենայնիվ, գիտես իմ երազը, իմ գաղտնիքը, իմ պայքարները դժվարին:
Բնության մատները - պատահական չէ սա - մարմնումս կնքել են կյանքի դուռը,
և ես կուզենայի - դու գիտես, ուրիշները ժպտում են, բայց ո'չ ես, ասում եմ քեզ -
որ ով առաջինն է անցնելու նրա սեմից ներս,
լինի սրտիս ընտրյալը, կյանքիս ընդմիշտ ընկերը, միակը, որ կհերկի ու կսերմանի իմ արտը:
Իսկ երբ մեր ամառային սիրո ճառագայթների ներքո կհասունանա մեր պտուղը` մեր որդին,
ու կկամենա պոկվել ծառից և հեռանալ բնից, որը մինչև այդ թաքնված էր շուքիս նեքո,
ես ուզում եմ, որ իբրև փոքրիկ արքայազն, իր աշխարհ գալու համար նա ունենա
Արքայավայել ճանապարհ, որն արժանի լինի իրեն:
...
Ասա' ինձ, տղա', իմ ընկեր,
Դու ինձ հասկանում ես, այնպես չէ՞...:
Բայց քանի որ ես որոշ աղջիկներից ավելի ուժեղ չեմ - ես գիտեմ դա, գիտես նաև դու -,
շատ եմ զգում քո կարիքը.
երբ դու ինձ ասում ես, որ զգում ես իմ կարիքը, ես ինքս էլ կարիքն ունեմ քեզ նայելու, քեզնով զմայլվելու, ապշած բացահայտելով քո ծածուկ հարստությունները.
բայց կարիքն ունեմ նաև, որ դու, որպես համբերատար խուզարկու, բացահայտես իմ հարստությունները,
քանի որ հաճախ վախենում եմ, թե "օժիտս" բավական աղքատիկ է
և չի կարող հարստացնել ինձ սիրող տղային:
Կարիքն ունեմ, որ դու ինձ խոսես մտածումներիդ, զգացմունքներիդ, ծրագրերիդ մասին,
որպեսզի ես էլ կարողանամ անվախ ներկայացնել քեզ իմ մտածումները, զգացմունքներն ու ծրագրերը,
քանի որ գիտեմ, որ միմյանցից գաղտնի մնացող հոգիները չեն կարող սիրել:
Կարիքն ունեմ բացահայտելու քո ուժը, հասկանալու համար, որ իմ քնքշանքը տկարություն չէ,
այլ անհրաժեշտ ընկերուհի է, ընտելացնելու համար քո կոշտությունը: Կարիքն ունեմ քեզ ուժեղ տեսնելու, և ընդունակ` քայլելու առանց օգնության,
որպեսզի միամիտ աղջիկներն հաճախ քեզ չծառայեն որպես ձեռնափայտ:
Կարիքն ունեմ տեսնելու քո հուզմունքի պահերը, որպեսզի հավատամ, որ սիրտդ բաբախում է,
ու երբ աչքերումդ հայտնվի արցունքի մի կաթիլ, որը չես կարողացել զսպել,
ուզում եմ, որ դու այն թողնես` որ փայլի, առանց ամաչելու, առանց կարծելու` թե ծիծաղելի ես,
քանի որ արցունքի այդ կաթիլն այր մարդու համար հազվագյուտ մարգարիտ է,
և չգիտեի, որ դրանցից ունես քո գանձարանում:
Կարիքն ունեմ տեսնելու` թե ինչպես ես պայքարում եղբայրներիդ համար, պաշտպանելու համար նրանց երջանկությունը,
որպեսզի համոզվեմ, որ վաղը կարողանալու ես պայքարել սիրուդ և զավակներիդ համար:
Կարիքն ունեմ... որ դու ինձ նայես, որովհետև քո հայացքի ներքո է միայն, որ անտարակույս համոզվում եմ, որ գոյություն ունեմ:
Կարիքն ունեմ, որ դու ինձ փնտրես ու որ երբեմն ընտրես իմ կողքին մնալը,
որպեսզի չկարծեմ, ավա՛ղ, թե ձանձրույթ պատճառող թշվառ աղջիկ եմ:
Կարիքն ունեմ, որ ինձ պարելու հրավիրես, որպեսզի իմանամ, որ մարմինս ճկուն է, եղեգի կանաչ ու կենսալի ցողունի նման, և ո'չ թե չոր փայտ, որից խուսափում են, կամ էլ` մերժում:
Կարիքն ունեմ - քեզ ասել եմ - ուրախությամբ զգալու ձեռքիդ ջերմությունն ու բազկիդ ծանրությունը ուսերիս վրա, որպեսզի իմանամ, որ տղաների բազուկները լարված թակարդներ չեն, մեզ` աղջիկներիս ստոր կերպով որսալու համար:
Ի վերջո, տղաներ, կարիքն ունեմ
ձեր ընկերության,
ինչպես դուք կարիքն ունեք մեր ընկերության:
Բայց կարիքը չունեմ, ա՛հ ո'չ,
որ մեկդ մյուսիդ ետևից ինձ ասեք. "Սիրում եմ քեզ",
քանի որ եթե այդպես վարվեք,
երբ գա իմ սերը, որին սպասում եմ,
և վերջապես ինձ մեղմորեն կասի. "Սիրում եմ քեզ",
...իմ համար դժվար կլինի հավատալ` թե ՃՇՄԱՐՏԱՑԻ Է:
ՙԸնկերությունը, սիրելուց հետո, երկնքի ամենամեծ ու ամենագեղեցիկ պարգևն է, Երջանիկ է նա` ով կարողանում է նրանով ապրել:
Տղաներ դուք առաքված եք աղջիկներին, իսկ դուք` աղջիկներ, հավասարապես առաքված եք տղաներին, որպեսզի ընկերության միջոցով մեկդ մյուսիդ կարողանանք ինչ-որ բան պատմել և ինչ որ մի բան հաղորդել Աստծո քնքշանքից և գորովից:
Այդպես է որ կսովորեք սիրել՚: