Friday, July 1, 2011

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մեծագույն արժեք է սերը, բարիք գերազանց: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվախային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարեալին: Սիրո անդադրում փափաքն է կատարելության ուղին, սերը չի շղթայում երկրային ստորին իրողություններին: Սերը տենչում է ազատ լինել`զերծ մնալով երկրային կապերից, որպեսզի չմթագնի իր տեսողությունը, որպեսզի անցողիկ հարմարավետությունները չշեղեն իրեն ուղղութեան ճանապարհից, և ործեսզի չբեկվի վշտերի ծանրության ներքո: Գոյություն չունի աստվածային սիրուց առավել քաղցրիկ իրողություն, առավել հզոր, առավել երկնասլաց ու վեհ, առավել սրտազեղ ու պանծալի, առավել զվարթ ու զվարթարար, առավել վեհանձն, առավել կատարեալ, լինի Երկնքում, թե երկրի վրա: Քանի որ սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողություններում, այլ միայն դրանց Արարչի մոտ: 
Սիրող հոգին սլանում է, սավառնում,   հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները: Սերն ուշադրություն չի դարձնում պարգևին, այլ ամեն ինչից վեր` ուղղվում է դեպի Պարգևողը: Սերը սահման չի ճանաչում, բռնկում և հրդեհում է առանց չափի զգացման: Սերը չի զգում բեռան ծանրությունը, կարևորություն չի ընծայում իր վշտակրություններին  ու հոգնություններին. եթե հնարավոր լիներ, կուզեր կատարել նաև այն, ինչ գերազանցում է իր ուժային սահմանները: Անկարելիության մասին չի մտածում, որովհետև ամեն բան թույլատրված և հնարավոր է համարում, քանի որ ինքը մաքուր է և դեպի սրբություններն է միայն ձգտում: Սերն իրեն ունակ է տեսնում, սրբության ասպարեզից ներս որևէ մեծագործության, դրանցից շատերին է ձեռնարկում և նաև հաջողությամբ պսակում իր ընթացքը: Մինչդեռ ով չի այրվում Աստծո հանդեպ սիրով, ժամանակի ընթացքում նվաղում է և ետ ընկրկում:

No comments: