Saturday, October 15, 2011

ԾԱՆՈԹ ՀՈՏԸ

  Անուշադիր շտապում էի աշխատանքի, առանց ուշադրություն դարձնելու ոտքերիս տակ խշխշացող տերևներին: Հանկարծ ինչ-որ անսովոր զգացումով կանգ առա, մի քանի վարկյան չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում, ինչն էր պատճառը, այդ ինչ էր պատահել: Մի քանի վարկյան անց ինձ թվաց ծանոթ հոտ եմ զգում, բայց թե որտեղից էր գալիս այդ հոտը չէի կողմնորոշվում: Ուշադիր նայելով չորս բոլորս` տեսա գետնին թափված դեղին-կարմիր տերևները. հասկացա, դա աշնան հոտն էր: Այն լի էր տերևների խշշոցով, մրգերից ճկված ծառերի թույլ տնքոցով և այլ աղմուկով, որը սակայն չէր խանգարում ինձ լսել աշնան ձայնը: 
   Սթափվեցի ինձ պարուրած այդ հոտից և ձայնից, այո', ուշանում էի, շարունակեցի արագ քայլել, սակայն այս անգամ ուշադիր էի. ականջ էի դրել աշնան ձայնին, անհագորեն շնչում էի աշնան հոտը,այդքան ծանոթ հոտը:
   Աշխատանքից հետո տուն էի շտապում, մտովի վերհիշելով այն զգացումը, որ առավոտվանից պարուրել էր ինձ: Մտացիր նայում էի երթուղայինի պատուհանից: Հանկարծ ինչ-որ անսովոր զգացումից զգաստացա, մի քանի վարկյան չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում, ինչն էր պատճառը, այդ ինչ էր պատահել: Մի քանի վարկյան անց ինձ թվաց ծանոթ հոտ եմ զգում, բայց թե որտեղից էր գալիս այդ հոտը չէի կողմնորոշվում: Նայելով կողքիս նստած տատիկին, որ չէի էլ նկատել թե ինչպես էր նստել, հասկացա. դա ծերության հոտն էր, այն լի էր տարիների փոշով, ուրախությամբ և տխրությամբ: Հիշեցի, երբ տատս սեղմում էի ինձ կրծքին, այդ նույն հոտն էի զգում: Կարոտը խեղդում էր սիրտս, կարոտով մոտ նստել էի կողս նստած տատիկին, փակել էի աչքերս, ու հիշում էի թե ինչպես էր տատս ինձ գրկել ու ես այդ նույն հոտն էի զգում, այդքան ծանոթ հոտը: 
     Տուն հասնելով էլի հանգիստ չգտա, դեռ քիմքիս զգում էի ծերության հոտը միախառնված աշնան հոտին: Ինչքա~ն նման են երկուսն էլ իրար, ինչքա~ն նման են բուրում, մեկը բնության աշունն է, մեկը` կյանքի: 

Friday, July 1, 2011

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մեծագույն արժեք է սերը, բարիք գերազանց: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվախային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարեալին: Սիրո անդադրում փափաքն է կատարելության ուղին, սերը չի շղթայում երկրային ստորին իրողություններին: Սերը տենչում է ազատ լինել`զերծ մնալով երկրային կապերից, որպեսզի չմթագնի իր տեսողությունը, որպեսզի անցողիկ հարմարավետությունները չշեղեն իրեն ուղղութեան ճանապարհից, և ործեսզի չբեկվի վշտերի ծանրության ներքո: Գոյություն չունի աստվածային սիրուց առավել քաղցրիկ իրողություն, առավել հզոր, առավել երկնասլաց ու վեհ, առավել սրտազեղ ու պանծալի, առավել զվարթ ու զվարթարար, առավել վեհանձն, առավել կատարեալ, լինի Երկնքում, թե երկրի վրա: Քանի որ սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողություններում, այլ միայն դրանց Արարչի մոտ: 
Սիրող հոգին սլանում է, սավառնում,   հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները: Սերն ուշադրություն չի դարձնում պարգևին, այլ ամեն ինչից վեր` ուղղվում է դեպի Պարգևողը: Սերը սահման չի ճանաչում, բռնկում և հրդեհում է առանց չափի զգացման: Սերը չի զգում բեռան ծանրությունը, կարևորություն չի ընծայում իր վշտակրություններին  ու հոգնություններին. եթե հնարավոր լիներ, կուզեր կատարել նաև այն, ինչ գերազանցում է իր ուժային սահմանները: Անկարելիության մասին չի մտածում, որովհետև ամեն բան թույլատրված և հնարավոր է համարում, քանի որ ինքը մաքուր է և դեպի սրբություններն է միայն ձգտում: Սերն իրեն ունակ է տեսնում, սրբության ասպարեզից ներս որևէ մեծագործության, դրանցից շատերին է ձեռնարկում և նաև հաջողությամբ պսակում իր ընթացքը: Մինչդեռ ով չի այրվում Աստծո հանդեպ սիրով, ժամանակի ընթացքում նվաղում է և ետ ընկրկում:

Monday, June 27, 2011

ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ

Չփնտրենք, թե ով է խոսում, այլ տեսնենք, թե ինչ է ասում
Ամեն խոսքի մի' հավատա և մի' հետևիր ներքին քո մղումներիդ, այլ քննի'ր ամեն բան զգուշությամբ, Աստծո կամքի համաձայն: Ավա~ղ, հաճախ այնքա~ն տկար ենք. ուրիշների մասին ավելի հեշտությամբ ենք խոսում- լավ կամ վատ- և այնքա~ն շուտ ենք հավատում վատաբանող խոսքերին: Մինչդեռ, կատարյալ մարդիկ հավատք չեն ընծայում իրենց բոլոր լսածներին, որովհետև լավ են ճանաչում մարդու  թեթևամտությունը և նրա` դեպի չարն ունեցած հակումը: Իմաստություն է աճապարանքով չգործելը, ինչպես նաև համառորեն չկառչելը մեր սեփական տեսակետներին: Իմաստություն է մարդկանց բոլոր խոսքերին անխտիր չհավատալը և լսածն առանց ստուգելու ուրիշներին չհաղորդելը: Խորհուրդ հարցրու խոհեմ ու խղճամիտ մարդուց. թույլ տուր, որ քեզնից ավելի կատարեալ մեկը առաջնորդի քեզ, և ոչ թե հետևես միայն անձնական գաղափարներիդ: Առաքինի կյանքը մարդուն իմաստուն է դարձնում Աստծո կամքի համաձայն, և տալիս է նրան մեծ փորձառություն: Մարդ որքան ավելի խոնարհվի և հպատակվի Աստծո կամքին, այնքան ավելի իմաստուն և խաղաղասեր կդառնա ամե'ն բանի մեջ: