Wednesday, July 11, 2012

Սերը գերազանցում է սիուն

       Սերը թռչնի ճախրանքն է անծայր կապույտի մեջ,
բայց նրա թռիչքն ավելին է`
քան մարմնեղեն մի փոքրիկ էակի սավառնելն օդում,
ավելին` քան նրա սիրահարված թևերը, քամուց փաղաքշված,
ավելին` քան անասելի ուրախությունը, երբ դադարում են
թևածումները և մարմինը հանդարտ ճախրում է լույսի մեջ:

       Սերը ջութակի մեղեդին է, որ երգում է աշխարհի երգը,
բայց ջութակի մեղեդին ավելին է`
քան փայտն ու աղեղը, անշարժ ու միայնակ, 
ավելին` քան երեկոյան զգոստերով նոտաները, որ պարում են ձայնաշարի վրա, 
և ավելին` քան երաժշտի մատները, որ սլացիկ սահում են լարերի վրայով:


       Սերը լույս է, մարդկանց ճանապարհների համար, 
բայց լույսը, որ տրվում է, ավելին է`
քան առավոտյան շոյանքը, որ բացում է քնաթաթախ աչքերը, 
ավելին` քան հրեղեն ճառագայթները, որ ջերմացնում են մարմինները, 
և ավելին` քան հազարավոր մետաքսյա վրձինները, որ գունազարդում են դեմքերը: 


        Սերն արծաթյա գետ է, որ հոսում է դեպի ծովը,
բայց կենդանի գետը, որ հապաղում է կմ աճապարում, 
ավելին է` քան իր հյուրընկալ հունը, տուփ` որ չի պահում, 
ավելին է` քան ջուրը, որ կարմրում է մայրամուտի հայացքի ներքո, 
և ավելին` քան գետեզերքին կանգնած մարդը, որ խայծ է նետում և դուրս քաշում նրա պտուղները:

        Սերն առագաստանավ է, որ ջրի վրա ճեղքում է ալիքները, 
բայց առագաստանավի ընթացքն ավելին է`
քան հրապուրված նավախելը, որ մխրճվում է ծովի մեջ, որ նվիրվում է կամ վիճում, 
ավելին` քան զեփյուռի շոյանքից կամ քամու ապտակներից թրթռացող առագաստները, 
ավելին` քան ղեկը պինդ սեղմող նավաստու ձեռքերը, 
մինչ անխոնջ հետապնդում է իր վայրի սիրուհուն:


... Սերը գերազանցում է սիրուն...

    Սերն անսահման ՇՈՒՆՉ է, որ գալիս է մի ուրիշ տեղից և գնում է մի ուրիշ տեղ:

     Սերը մարդու միտքն է, որ ճանաչում և ընդունում է ՇՈՒՆՉԸ,
մարդու ազատությունն է, որ անմնացորդ շրջվում է նրա կողմը:
     Սերը մարդու համաձայնույթունն է ՇՆՉԻՆ, որ հրավիրում է,
մարդու սիրտն է, որ բացվում է` Նրան ընդունելու և Նրան ուրիշներին ևս պարգևելու համար,
մարդու մարմինն է, որ ամփոփվում է, պատրաստակամ,
որպեսզի Նրա բնակավայրը դարձած, Նրանով համակված,
ճախրի դեպի ուրիշները,
դեպի ... ուրիշը,
և որպեսզի ի վերջո
այն, ինչը որ հեռու էր, վերամիավորվի ու կրկին ներդաշնակվի,
այն, ինչը որ բաժանված էր, դառնա մեկ
և Մեկից մի նոր կյանք բխի: 

No comments: